Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանը հուշագիր են ստորագրել հետագա համագործակցության վերաբերյալ։

Ինչպես նշել է ռեկտոր Դավիթ Խիթարյանը․ «Շատ կարևոր է, որ սպորտի մասսայականացման և մասնագիտական կրթության ոլորտում էական ծրագրերը նախաձեռնում է նաև մասնավոր հատվածը։ Սպորտն այն միջոցն է, որով կարող ենք նպաստել հանրային առողջության ձևավորմանն ու պահպանմանը, ուստի սպորտի բարձրագույն կրության զարգացման, հասարակության ավելի լայն շերտերին ու հատկապես երեխաներին սպորտում ներգրավելն այսօրվա հրամայականն է»։

Պարոն Հարությունյանը խոսել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության ծրագրերի մասին և կարևորել մասնավոր հատված-բուհ համագործակցությունը՝ ընդգծելով աշխատաշուկան որակյալ ու պրոֆեսիոնալ մասնագետներով համալրելու կարևորությունը։

«Որպես բիզնես մենք պատասխանատու ենք առաջին հերթին ոլորտի զարգացման համար և առաջնային գործոնը պրոֆեսիոնալ և փորձառու կադրեր ունենալն է, ուստի մենք շատ ուրախ ենք այս համագործակցության մեկնարկի համար»,– ասել է Տիգրան Հարությունյանը։

Համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը և ինստիտուցիոնալ կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության տնօրեն Մհեր Բաղդասարյանն ու հաղորդակցությունների թիմը։