«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի (ՀՖԿՍՊԻ) ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվգենի Իմասն այսօր ստորագրել են հուշագիր՝ կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալներ Արթուր Սելեցկին և Լյուդմիլա Պանչենկոն, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան 3–րդ քարտուղար Հայկ Թորոսյանը։
Հուշագրի դրույթների համաձայն երկու բուհերը համագործակցելու են համատեղ կրթական ծրագրերի իրականացման, ակադեմիական շարժունության ապահովաման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, գիտական կոնֆերանսների, սեմինարների, աշխատանքային կլոր սեղան–քննարկումների կազմակերպման ուղղությամբ։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվիրակության կազմում Ուկրաինա է մեկնել ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը և արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը։
Բուհի պատվիրակութան անդամները հանդիպել են նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ և քննարկել ուկրաինահայ համայնքի ներկայացուցիչների ուսումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տարբեր կրթական ծրագրերով, այդ թվում նաև՝ պետպատվերի շրջանակներում անվճար իրականացվող կրթական ծրագրերով կազմակերպելու վերաբերյալ հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՖԿՍՊԻ–ի ուսանողների մասնագիտական պրակտիկան Ուկրաինայում կազմակերպելու համար դեսպանատան կողմից հնարավոր աջակցության խնդիրներին։