Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և ՀՀ Կոտայքի մարզպետարանի միջև կնքված հուշագրով ամրագրվեցին ՀՖԿՍՊԻ–ի և Կոտայքի մարզպետարանի համագործակցության հեռանկարային ուղղությունները։
Ռեկտոր Դավիթ Խիթարյանը և մարզպետ Ահարոն Սահակյանը վերահաստատեցին նախնական պայմանավորվածությունը՝ մարզում տեղակայված հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման, մարզային մարզադպրոցներում մարզումների կազմակերպման, ինչպես նաև հանրային առողջության քարոզչության ոլորտներում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման նպատակով ձեռնարկվող գործընթացների ուղղությամբ։
Ներկայացնելով հանրապետության մարզական մայր բուհի հնարավորությունները ռեկտոր Խիթարյանը նշել է, որ ՀՖԿՍՊԻ դիմորդները հնարավորություն ունեն ընտրել բուհում դասավանդվող նոր և ժամանակակից այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են սպորտի կառավարումը և մարկետինգը, լրագրությունը, սպորտային հոգեբանությունը, կինեզիոլոգիան։
«Մեր ինստիտուտի շրջանավարտները դառնալով ոլորտի մրցունակ և լավ վարձատրվող մասնագետներ, բուհում ստացած գիտելիքների և հմտությունների շնորհիվ նպաստում են Հայաստանում սպորտի և հարակից ոլորտների զարգացմանը»,– ասել է Դավիթ Խիթարյանը։
Ահարոն Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել համագործակցային սերտ հարաբերությունների մեկնարկի և համատեղ իրականացվելիք ծրագրերի հեռանկարային հնարավորությունների կապակցությամբ։
- 22 Jan
- 2022