Տեղի ունեցավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի վերանորոգված ամբիոնի վերաբացման և ամբիոնը Երևանի պատվավոր քաղաքացի Աղվան Չատինյանի անունով անվանակոչելու առիթով կազմակերպված միջոցառումը։
Մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, բուհի աշխատակիցներ։
«Մեր ուշադրության կենտրոնում ոչ միայն որակյալ և ժամանակակից կրթությունն է, այլ նաև այդ կրթության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովումը։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելով է, որ վերանորոգվել է բուհի գրադարանը, վերանորոգվում են լսարանները, ամբիոնները և զուգահեռաբար համալրվում են համապատասխան տեխնիկայով և անհրաժեշտ նյութերով»,– նշեց ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ և «Մաչանենց տուրիզմ և արտ» ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագում։ Ընկերության ներկայացուցիչ Սոս Սարոյանին ՀՖԿՍՊԻ–ի հետ սերտ համագործակցության համար շնորհակալագիրը հանձնեց ռեկտոր Դավիթ Խիթարյանը։
Պարգևատրվեցին նաև ամբիոնի դասախոսներ Սերգեյ Բիձյանը և Կառլոս Հովհաննիսյանը՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը պատվոգրի արժանացավ արդյունավետ աշխատանքի համար։