Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանի անվան կրթամրցանակի հանձնման արարողությունը։

Մրցույթին մասնակցել են ՀՖԿՍՊԻ տարբեր կուրսերում սովորող յոթ ուսանողներ։ Հավակնորդին ընտրելու համար հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը, սպորտային, մասնագիտական և կամավորական ակտիվությունը, ինչպես նաև Սևակ Մնացականյանի գործունեության վերաբերյալ գիտելիքները։

Կրթամրցանակին արժանացավ Սյունե Սահակյանը, ում հավաստագիրը հանձնեց և շնորհավորեց ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Սևակի հարազատները, մարտական և մարզական ընկերները, կրթամրցանակին արժանացած ուսանողին ընտրող հատուկ հանձնախմբի անդամները։

Միջոցառումն անցկացվում էր «Հայ Ձմեռ Պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։ Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։