Հոկտեմբերի 16–ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» թեմայով միջազգային ֆորում նվիրված՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80–ամյակին։

Ֆորումի նպատակն էր ապահովել գիտական և մասնագիտական հարթակ, որտեղ քննարկվում է սպորտի դերը՝ խաղաղության հաստատման, առողջության պահպանման, սոցիալական համերաշխության ամրապնդման և միջազգային համագործակցության զարգացման և ամրապնդման գործում, միաժամանակ նպաստելով միջազգային գործընկերային համագործակցության ձևավորմանը և կայուն զարգացմանը։

Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ, թե ինչպես սպորտը կարող է ծառայել որպես ուժեղ և արդյունավետ գործիք համայնքների համախմբման, առողջության պահպանման և միջմշակութային հարգանքի հաստատման համար։

Ֆորումի ընթացքում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտային պատրաստության մանկավարժական հիմնախնդիրները» թեմայով հանդես է գալու մ․գ․դ․,
պրոֆեսոր ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՄԱԿ-ին առընթեր Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ֆրունզ Ղազարյանը:

Հ․գ․դ․, պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, «Հայաստանի հոգեբանների միություն» ՀԿ-ի նախագահ Հրանտ Ավանեսյանը ելույթ է ունեցել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հոգեբանական ապահովումը» թեմայով։

«H&K Partners» իրավաբանական ընկերության հիմնադիր, ICC Armenia-ի անդամ Ժիրայր Հաբիբյանը և Րիզոլվ Ակադեմիայի տնօրեն, ICC Armenia-ի անդամ Տաթևիկ Կարապետյանը խոսել են «Սպորտի իրավագիտության հեռանկարների» մասին։

«Օլիմպիական սպորտի և Օլիմպիական կրթության հիմնախնդիրների» վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հ․գ․թ․, պրոֆեսոր Հարություն Բաբայանը, իսկ «Սպորտային տուրիզմի զարգացման հեռանկարները» ներկայացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման խորհրդական Անահիտ Ոսկանյանը և մ․գ․թ․, դոցենտ Սուրեն Դանիելյանը։

Պատրասի համալսարանի բիզնեսի կառավարման ամբիոնի պրոֆեսոր, կ․գ․դ․ Դիմիտրա Պապադիմիտրոուի զեկույցի թեման էր՝ «Սպորտի կառավարման արդի մարտահրավերները»։

Ֆորումն առիթ էր ընդգծելու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ավանդը ոչ միայն մարզիչների, մարզիկների և ոլորտի մասնագետների պատրաստման, այլև սպորտային գիտության ու կրթության զարգացման գործում։

Որպես բուհի 80–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ամփոփում, երեկոյան Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր տոնական միջացառում ՀՀ վարչապետի, Կառավարության անդամների, արտերկրից ժամանած հյուրերի, բարձրաստիճան անձանց, բուհի ՊԴԱ և ուսանողական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բոլոր լուսանկարներն այստեղ՝ https://shorturl.at/CEGZD