ՀՖԿՍՊԻ–ի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ հանրակրթական դպրոցներում» գիտական նախագիծն ընդգրկվել է 2025 թվականին գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագրով ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ցանկում։ Ծրագրի ղեկավարը ՀՖԿՍՊԻ–ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Հասմիկ Ավագյանն է։
Ծրագրի նպատակն է էմպիրիկ հետազոտությունների միջոցով բացահայտել «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ հանրակրթական դպրոցներում, մշակել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գիտելիքների յուրացման մեթոդիկայի ներդրման նոր մոտեցումներ:
Ծրագրում առաջ քաշված հետազոտական խնդիրները ուսումնասիրվելու են մի քանի մեթոդների համալիր կիրառմամբ. փաստաթղթերի, առկա գրականության և երկրորդային տվյալների վերլուծություն (desk research), քանակական հարցումներ տարբեր թիրախային խմբերում, փորձագիտական և խորին հարցազրույցներ ոլորտի մասնագետների, որոշում կայացնողների հետ: Կկիրառվեն նաև հոգեբանական մեթոդներ, որոնք թույլ կտան խնդիրը քննարկել միջգիտակարգային մոտեցմամբ:
Ծրագրի արդյունքում ստացված գիտական գիտելիքներ ունեն նաև կիրառական նշանակություն. հատուկ մշակված մեթոդական մոտեցումները թույլ կտան բարձրացնել ֆիզիկական կուլտուրայի դասերի արդյունավետությունը և առարկայի տեսական պատրաստվածության մակարդակը: