Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել էինք Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Փաչլերին (Norbert Pachler), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասապյանին, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին և կրթական կլաստերի համակարգող Լիլիթ Պետրոսյանին։

Բուհի գրադարանում տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի կազմում ընդգրկվող բուհերի կրթական ծրագրերի համատեղելիության և այդ համատեքստում՝ ՀՖԿՍՊԻ–ի ՄԿԾ–ների շարունակականության ապահովման հնարավորության վերաբերյալ։

Ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել բուհի գործունեության հիմնական ուղղությունները (մանկավարժական, մարզչական, սպորտային, գիտահետազոտական և այլն)։ «Լիահույս եմ, որ բուհերի խոշորացման գործընթացն իրականացվելու է հարթ և սահուն՝ ՀՖԿՍՊԻ–ի կրթական ծրագրերի յուրահատկությունը պահպանելու հեռանկարով։ Մեր գերնպատակը մնում է անփոփոխ՝ ապահովել որակյան կրթություն, անկախ բուհի կարգավիճակից»,– ասել է Տիգրան Սիմոնյանը։

Բրիտանացի փորձագետը ներկայացրել է իրենց փորձը, ինչպես նաև՝ միավորման գործընթացում առաջացած դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները։ Նորբերտ Փաչլերը խնդրել է մանրամասն փաստաթղթավորել և ներկայացնել ՀՖԿՍՊԻ–ի առաջարկությունները, որոնք ուսումնասիրվելուց և խմբավորվելուց հետո կարող են ընդգրկվել փորձագիտական եզրակացության մեջ։

Քննակումից հետո հյուրերը եղել են բուհի թանգարանում, դիտել ուսանող մարզիկների գործնական պարապմունքը։

Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/VReWa