Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված 3–րդ կրթամրցանակաբաշխությունը։
Կրթամրցանակային ծրագրի նպատակն է հանուն Հայրենիքի անմահացած հերոսների անունները շաղկապել կրթության առաջընթացի գաղափարին՝ խրախուսելով բուհերի շնորհաշատ ուսանողներին, քաջալերելով նրանց կրթական հաջողությունները և հայրենատիրության հանձնառությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, պրոռեկտոր Անժելա նուշիկյանը, ՊԴԱ կազմի ներկայացուցիչներ, «Հայ Ձմեռ պապ» Բ/Հ–ի նախագահ Արմինե Պետրոսյանը, Սևակ Մնացականյանի ընտանիքի անդամները և ընկերները։
Սևակ Մնացականյանի հիշատակին նվիրված կրթամրցանակի մրցույթում 1–ին տեղն է զբաղեցրել ՀՖԿՍՊԻ–ի մագիստրատուրայի ուսանող Լիլիթ Արզումանյանը, 2–րդ տեղը՝ 4–րդ կուրսի ուսանող Նատալյա Համբարձումյանը, 3–րդ տեղը՝ 2–րդ կուրսի ուսանող՝ Գյուլնարա Տիգրանյանը։ Կրթամրցանակի համար մասնակցության հայտ էին ներկայացրել բուհի 6 ուսանողներ։
Ուսանողները կատարել են հայրենասիրական երգեր, ներկայացրել են հատվածներ Սևակ Մնացականյանի խոսքերից։
Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իռեն Ծատուրյանն է։