Հուլիսի 19-24–ը Խորվաթիայում կայացած Եվրոպական համալսարանական մարզական խաղերից ՀՖԿՍՊԻ–ի պատվիրակությունը վերադարձավ արծաթե մեդալով։ Խաղերի փոխչեմպիոն դարձավ 68 կգ քաշային թաեքվոնդոյիստ Սարգիս Սարգսյանը։
ՀՖԿՍՊԻ–ի պատվիրակության մասնակցությանն աջակցել է մեր գործընկեր Totogaming ընկերությունը։
Հուլիսի 28–ին ՀՖԿՍՊԻ–ում կայացած հանդիպմանը ներկա էին ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանը, Totogaming ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը, ՖԻՄԱ մարզական ակումբի նախագահը, պատվիրակության այլ անդամներ։
Տիկին Նուշիկյանը նախ շնորհակալություն հայտնեց Totogaming–ին աջակցության համար, այնուհետև շնորհավորեց և մարզական հաջողություններ ու գիտելիքներով հարուստ ուսումնառություն մաղթեց ուսանող մարզիկներին։ Հատուկ շնորհակալագրերի արժանացան Եվրոպական համալսարանական խաղերի փոխչեմպիոն Սարգիս Սարգսյանը և նրա անձնական մարզիչ, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Գևորգ Դանիելյանը։
Այս տարի Եվրոպական համալսարանական մարզական խաղերին Հայաստանը ներկայացել էր 3 մարզաձևում՝ կարատե, ձյուդո և թաեքվոնդո։