ՀՖԿՍՊԻ-ում անցկացվեց կլոր սեղան–քննարկում ֆիզիկական վերականգնման ոլորտի միջազգային և հայաստանյան առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ներկաներին ողջունեց և քննարկման հիմնական թեմաները ներկայացրեց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը։ «Այսօր քննարկելու ենք մեր բուհում դասավանդվող «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա (կինեզիոլոգիա)» մասնագիտության վերաբերյալ մի քանի հիմնարար հարցեր, այդ թվում՝ ոլորտում կիրառվող բժշկական ուղեցույցերի (պրոտոկոլների), միջազգային փորձի ուսումնասիրման և կիրառման հնարավորությունների, ինչպես նաև վերականգնողական կենտրոնների լավագույն ֆիզիկական թերապիստներին ուսումնական գործընթացում ներգրավելու մասին»,– նշեց ռեկտորը։
Մասնակիցները անդրադարձան նաև նման միջոցառումների անհրաժեշտությանը՝ որպես բուհ–գործատու համագործակցության արդյունավետության բարձրացման կարևոր գործոն։
Հանդիպմանը, բացի Հայաստանում գործող ֆիզիկական վերականգնման առաջատար կենտրոնների ներկայացուցիչների և ոլորտի մասնագտետների, մասնակցում էին նաև – «Թերապիստներ Հայաստանի համար» կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմինե Բաբիկյանը, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի հիմնադիր տնօրեն Նիկոլաս Թավուքջյանը և Վիրջինիայի համագործակցության Համալսարանի ֆիզիկական թերապիայի ամբիոնի վարիչ Մայք Լանդրին։
Ներկաները համաձայնվեցին, որ քննարկված հարցերին արդյունավետ լուծում տալու համար անհրաժեշտություն կա նման հանդիպումները դարձնել շարունակական՝ ընդգրկելով նաև ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ և առողջապահության նախարարություններից, ՅՈՒՆԻՍԵՖ–ից և այլ շահագրգիռ կազմակերպություններից։