Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Մարզախաղերի ամբիոնի մարզադահլիճում տեղի ունենցավ մեր բուհի շրջանավարտ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշար։
Մրցաշարին մասնակցել է 4 թիմ՝ ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտուս» հենակետային քոլեջի, Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148, Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 և Երևանի թիվ 2 ավագ դպրոցների թիմերը։
Մրցաշարի հաղթող են դարձել Երևանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները, 2–րդ տեղը զբաղեցրել է «Սպորտուս» թիմը։ Հաղթողներին չեմպիոնական գավաթը հանձնել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը և Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը։
Բոլոր մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և նվերներով՝ ֆուտբոլի գնդակներով և ֆուտբոլի մասին ուսումնամեթոդական ձեռնարկներով: 4-տեղը զբաղեցրած թիմի անդամներն արժանացել են պատվոգրի և հուշանվերի։
Պատվոգրեր են ստացել նաև մրցաշարը սպասարկող մրցավարները՝ ՀՖԿՍՊԻ–ի ֆուտբոլի բաժնի ուսանողները։
Միջոցառմանը, բացի Արամ Սարգսյանից, ներկա են եղել ներկայացուցիչներ ՀՖԿՍՊԻ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ՀՀ պաշտպանության նախարարությունից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։