Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ փրկարարական աշխատանքներ և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի հատուկ շնորհակալագրերով պարգևատրվել են ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտներ՝ ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության, փրկարարական ուժային վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատարներ Սերգեյ Բիձյանը և Հայկ Նաղդալյանը, կինոլոգիայի պետ Էդգար Գալոյանը, հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը, ջոկատի խմբի պետ Ռոման Խաչատրյանը, լեռնափրկարար Սամվել Կոլյանը, փրկարար Տիգրան Դավթյանը։
Ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին Հայաստանը, ինչպես նաև՝ մեր բուհը պատվով ներկայացնելու համար և նշել․ «Փրկարարի աշխատանքն ամենամարդասիրականներից մեկն է, և դուք արժանապատվորեն եք կրում այդ մասնագիտության ներկայացուցիչը լինելու պատիվը։ Ուրախ եմ, որ մեր բուհում ստացած գիտելիքները կարողացել եք լավագույնս դրսևորել երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու, մասնավորապես նաև՝ մարդկային կյանքներ փրկելու գործում»։
Փրկարարները շնորհակալություն են հայտնել իրենց աշխատանքը գնահատելու և ցուցաբերված ուշադրության համար։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՖԿՍՊԻ Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը, «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողներ։