Հարգելի՛ ուսանողներ, գործընկերներ
Բոլորին և հատկապես առաջին կուսեցիներին շնորհավորում եմ սեպտեմբերի 1–ի՝ գիտելիքի օրվա կապակցությամբ։Մեր բուհն արդեն 77 տարի սեպտեմբերի 1–ին իր հյուընկալ դռներն է բացում ուսանողների համար։ 77 տարի շարունակ մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, բարձրորակ մասնագետներն իրենց գիտելիքները, փորձն ու հմտություններն են փոխանցում մեր ուսանողներին։
ՀՖԿՍՊԻ–ն լինելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի բացառիկ և եզակի բուհ, իր գործունեության ընթացքում պատրաստում է սպորտային մանկավարժության, ֆիզիկական վերականգնման, մարզական լրագրության, սպորտի հոգեբանության և կառավարման, սպորտային տուրիզմի և փրկարարական գործի գիտակ մասնագետներ։ Մեր բուհի շրջանավարտների շարքում են օլիմպիական խաղերի բազմաթիվ չեմպիոններ և մրցանակակիրներ, տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցաշարերի մրցանակակիրներ, սպորտի և սպորտը սպասարկող ոլորտների հմուտ մասնագետներ։
Կարծում եմ այսօր այստեղ ներկա գտնվող ուսանողներից շատերը նույնպես կարող են համալրել նրանց շարքերը։
Դուք ստացել եք լավ հնարավորություն համալրել մարզական ընտանիքի մաս կազմող լավագույն մասնագետների շարքը, դառնալ նրանցից մեկը, ծառայել հայկական սպորտի զարգացման գործին։
Եղե՛ք ուշադիր և ուշիմ ուսանողներ, յուրացրե՛ք ձեր դասախոսների տված գիտելիքները։ Միայն այդ ճանապարհով դուք կկարողանաք դառնալ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բարձրորակ մասնագետ։
Կրկին շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Բարի երթ բոլորին։