Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ Մարզական լրագրության ամբիոնի դասախոսներ Արևիկ Բաղդասարյանի, Լիլիթ Հակոբյանի, Աննա Մկրտիչյանի հեղինակած գրքի շնորհանդեսը։ ԲՈւՀ–ի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Ժուռնալիստի վարպետություն» դասընթացի մեթոդական ուղեցույցը։ Այն նախատեսված է «Ժուռնալիստի վարպետություն» դասավանդողների համար։ Ուղեցույցում ներկայացված են լրագրողական գործունեության տեսական–ճանաչողական հիմնական սկզբունքներն ու մեթոդները, մեդիատեքստի կառուցման և մուլտիմեդիա նյութի պատրաստման յուրահատկությունները տպագիր և առցանց մամուլում։ Ուղեցույցում համակարգված ներկայացված են մասնագիտական էթիկայի սկզբունքներն ու կաննոները։

Շնորհանդեսի արարողությանը ներկա էին ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, պրոռեկտորներ Լուսինե Ստեփանյանը, Անժելա Նուշիկյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

 Ուղեցույցի հեղինակները ներկայացրին գրքի լույսընծայման անհրաժեշտությունը՝ գաղափարից մինչև իրականացում, նաև երախտագիտություն հայտնեցին ԲՈւՀ–ի ղեկավարությանը գրքի ստեղծմանն աջակցելու համար։

Ռեկտորը շնորհավորեց ուղեղույցի հեղինակներին, ամբիոնին, ինստիտուտին նման կարևոր ձեռնարկի հրատարկման առթիվ և հույս հայտնեց, որ այն վարակիչ օրինակ կլինի նաև այլ դասընթացների և այլ ամբիոնների համար։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև գրքի գինեձոնի արարողություն, որին հաջորդեց առաջին կուրսեցիների երդման արարողությունը։ Մարզական լրագրության ամբիոնի գործունեության ընթացքում առաջին անգամ առաջին կուրսեցիները երդվեցին՝ հավատարիմ լինել Ամբիոնի էթիկայի խորհրդի մշակած Էթիկայի կանոնագրում տեղ գտած մասնագիտական սկզբունքներին։