Փրկարարների և արկածային տուրիզմի սիրահարների համար թիմային բավականին երկար ու ծավալուն, բայց միասնական աշխատանքի շնորհիվ ՀՖԿՍՊԻ–ում բացվեց արհեստական ժայռապատ, ինչն իր տեսակով ոլորտում մեծ պահանջ ունեցող, իսկ մեր բուհում կրթական ծրագրի անհրաժեշտ բաղադրիչներից մեկն է։

Մագլցելը հասանելի է լինելու փրկարարների, դպրոցականների և այցելուների համար։ Աշխատանքներ են իրականացվում առանձնահատուկ կարիք ունեցող մարդկանց համար այն ևս  հասանելի դարձնելու ուղղությամբ։

Միջոցառմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, Ալպինիզմի և Լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը, ֆեդերացիայի խորհրդի անդամները,  ՀՀ պատվավոր քաղաքացի, սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի հիմնադիր Աղվան Չատինյանը, ՃԿԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը,«Իջևան» գրուպի կոմերիցիոն տնօրեն Գևորգ Ասլանյանը, բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմը, ոլորտի բազմաթիվ ներկայացուցիրներ։

Օրվա ընթացքում բացի պատի բացման հանդիսավոր արարողությունից, տեղի ունեցան հատկանշական մի քանի միջոցառումներ ևս։

Նախ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին անմահ հերոսների և հավերժ ուսանողների հիշատակը։

Միջոցառման մեկնարկը տրվեց հուշագրի կնքմամբ։ Հոբելյանական տարում՝ երբ բուհը 75 տարեկան է, իսկ ֆեդերացիան՝ 10, երկկողմ համաձայնությամբ համագործակցությունների շարքն այսուհետ շարունակվելու է հուշագրի հիմքով։ ՀՖԿՍՊԻ–ն  և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան կնքեցին երկկողմ համագործակցության հուշագիր՝  նոր շնչով հիմնավոր շարունակություն տալով երկար տարիների գործընկերային կայացած հարաբերություններին։

Այնուհետև, մասնագիտական անձնվեր աշխատանքի փրկած կյանքերի ու կրթած սերունդների համար,  ՀՖԿՍՊԻ գիտական խորհրդի որոշմամբ բուհի հիմնադիր ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան 75 ամյակի ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին բուհի շրջանավարտներ, միջազգային կարգի փրկարարներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ ՝ արժանացած բազմաթիվ մեդալների և շքանշանների՝ թե՛ մասնագիտական, և թե՛ մարտական արիության համար․

Գեղամ Ռաֆիկի Լալայան

Արմեն Ֆելիքսի Առաքելյանը

Ռադիկ Թորգոմի Մխիթարյանը

Մարդիկ, ովքեր օգնել ու փրկել  են ու դեռ շարունակում են իրենց նվիրական գործունեությունը․․․

Ոլորտի շարունակական զարգացման համատեքստում, մշտական սերտ համագործակցության և ճգնաժամային կառավարման ոլորտում իրենց մեծ ներդրման համար բուհի շնորհակալագրերի արժանացան

Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը,

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը,

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը։

Միջոցառման ընթացքում բուհի գործընկեր «Իջևան» գրուպը պարգևատրվեց բուհի տարվա լավագույն գործընկեր հավաստագրով՝ պատրաստակամության, աջակցոթյան և մշտական համագործակցության համար։

Միջոցառման եզրափակումը տեղի ունեցավ արհեստական ժայռապատի բացման՝ կարմիր ժապավենի կտրման  հանդիսավոր արարողությամբ։