ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանի, Մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի վարիչ Նարինե Սելումյանի, ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ միասին ՀՖԿՍՊԻ–ում հյուրընկալել էր Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամներին՝ ՀՖԿՍՊԻականներին։
Օրվա հյուրերն էին․
Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և կրկնակի մրցանակակիր, օլիմպիական երկու խաղերի մասնակից, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՖԿՍՊԻ 2013թ.-ի շրջանավարտ՝ Արթուր Դավթյանը,
Եվրոպայի փոխչեմպիոն և կրկնակի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՖԿՍՊԻ 2009թ.-ի շրջանավարտ՝ Վահագն Դավթյանը,
Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՖԿՍՊԻ IV կուրսի ուսանող՝ Արթուր Ավետիսյանը,
Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՖԿՍՊԻ I կուրսի ուսանող՝ Գագիկ Խաչիկյանը,
Հանրապետության մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար՝ Հակոբ Սերոբյանը:
Ռեկտոր Դավիթ Խիթարյանը ողջունեց նրանց հարազատ բուհում՝ շնորհավորելով Եվրոպայի առաջնությունում գրանցած փայլուն արդյունքների և օլիմպիական ուղեգիր նվաճելու առթիվ։
Ուսանողների և մարզիկների միջև եղավ հարց ու պատասխան, ինչի նպատակն էր բարձրաձայնել ուսանողներին հետաքրքրող ոլորտային հարցերը, վերհանել ոլորտի խնդիրները, խոչընդոտները։
Մարզիկները խոսեցին իրենց մարզական ուղուց, երբևէ ծառացած մարտահրավերներից, չեմպիոնական մեդալների նվաճման դժվարություններից, հայրենիքի, հավաքականի, մարզիչների ու իրենց առաջ ունեցած պատասխանատվությունից։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ընդգծեց բուհի կրթական ծրագրերի նորարացման փաստը, վստահեցնելով, որ այն կարևոր և առանցքային դեր ունի մարզիկների ճիշտ ու առողջ մարզական ուղու կառուցման համար։