«Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել ենք Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) փորձագիտական խմբի անդամներ Սայմըն Ուոքերին, Սեմ Սմիթին, Կլեռ Գորդոնին, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներ Հասմիկ Կյուրեղյանին, Աննա Սարքիսյանին, Թալին Սաղդասարյանին և Մարիաննա Աճեմյանին։

Հյուրերը քննարկում են ունեցել ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի հետ, ով ներկայացրել է բուհում գործող կրթական ծրագրերը, նշելով, որ ՀՖԿՍՊԻ–ում իրականացվում է եռաստիճան ուսուցում՝ բակալավրից մինչև հետբուհական։ Ռեկտորը խոսել է նաև ուսումնառության ընթացքում ուսանողների կրթության որակի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ինչպես նաև այն ոլորտների մասին, որտեղ բուհի շրջանավարտները կարողանում են աշխատել և իրացնել ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։

Այնուհետև աշխատանքային խմբի անդամները հանդիպել են բուհի գիտական գծով պրոռեկտոր Տիգրան Պետրոսյանի և գիտական քարտուղար Աշոտ Չատինյանի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել բուհում իրականացվող գիտական և հետազոտական աշխատանքների կազմակերպման գործընթացներին, ընթացակարգային կարգավորումներին, բերվել են տվյալներ այդ հետազոտությունների կիրառելիության ոլորտների և արդյունքահենության մասին։

Փորձագիտական խումբը ներկա է գտնվել բուհում ընթացող թե՛ տեսաական, և թե՛ գործնական դասերին (մարմնամարզություն, ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, շախմատ, սպորտային հոգեբանություն, մարզական լրագրություն, սննդաբանություն, մարդու անատոմիա, առողջ ապրելակերպ և այլն)՝ ծանոթացել դասավանդման ընթացքին և մեթոդներին։

Օրվա երկրորդ կեսին հյուրերը հանդիպել են ՄՄ և ՖԴՍՏԱՏ ֆակուլտետների դեկանների, մասնագիտական ամբիոնների վարիչների, Որակի ապահովման և բարեփոխումների բաժնի աշխատակիցների, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ Հանդիպում է կազմակերպվել նաև ՀՖԿՍՊԻ–ի ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց կարծիքները (գոհունակության գնահատում) դասավանդման և ուսուցման մեթոդների վերաբերյալ։

Փորձագիտական խմբին հետաքրքրում էր նաև բուհի համագործակցային հարաբերությունները ոլորտային և գործատու կազմակերպությունների հետ։ Այդ նպատակով հյուրերը քննարկումներ են ունեցալ վերականգնողական կենտրոնների, մարզական ֆեդերացիաների նախագահների, մարզական կառույցների և մարզադպրոցների տնօրենների հետ։ Ներկայացվել է բուհի կողմից սպորտային ֆեդերացիաներին և ոլորտի փորձագետներին կրթական ծրագրերի վերանայման և դասավանդման գործընթացներում ներգրավման ընթացակարգերը։

UCL–ի և «Ակադեմիական քաղաք» նախագծի ներկայացուցիչների հանդիպումներն ավարտվել են ՀՖԿՍՊԻ–ի Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկումներով։ Հյուրերին ներկայացվել են բուհի ինստիտուցիոնալ կառավարման և ռազմավարական բարեփոխումների նպատակով Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման կարևորությունը և դրանց նկատմամբ կիրառվող վերահսկողական մեխանիզմները։

Բոլոր լուսանկարներն այստեղ՝ https://shorturl.at/QUnzd