Մարտի 15–21-ը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հասարակագիտական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Տաթևիկ Կարապետյանը, որպես հրավիրված դասախոս հանդես է եկել Վարշավայի Յոզեֆ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության ակադեմիայում։

Այցի հիմնական նպատակն էր զարգացնել մասնագիտական կարողությունները և դասավանդման փորձը Սպորտային իրավունքի և Միջազգային սպորտային իրավունքի ոլորտներում՝ խթանելով ակադեմիական փոխանակումը և համագործակցությունը։

Տաթևիկ Կարապետյանի դասախոսությունների շրջանակում անդրադարձ է կատարել «Միջազգային սպորտի կառավարում և իրավական հաշվետվողականություն», «Սպորտային արբիտրաժ», «Դոպինգ, էթիկա և մարդու իրավունքները սպորտում», Թվային փոխակերպում և վեճերի լուծման մեխանիզմներ գլոբալ սպորտում» թեմաներին։

Այս դասընթացները նպատակ ունեին խորացնել ուսանողների պատկերացումները միջազգային իրավական համակարգերի վերաբերյալ և խթանել երկխոսությունը իրավունքի, սպորտագիտության և կառավարման ոլորտների միջև։

Շարժունակության ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Յոզեֆ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության ակադեմիայի միջև երկարաժամկետ համագործակցության ձևավորման ուղղությամբ։