Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում իր աշխատանքն ավարտեց Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան համալսարանի Ֆիզիկական վերականգնման ֆակուլտետի դասախոս Ագնեյժկա Նովակը, ով Երևանում էր «Էրազմուս+ դասախոսական շարժունություն» («Erasmus+ Staff Mobility») ծրագրի շրջանակներում։

Դասախոսությունների վերջին օրը ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանն Ագնեյժկա Նովակին է հանձնել հավաստագիր՝ «Ադապտիվ թիմային և անհատական սպորտաձևեր», «Պրոպրիոցեպտիվ նյարդամկանային ակտիվացում (PNF)» և «Դասակարգում պարասպորտում» թեմաներով հանդես գալու համար։ Ռեկտորը մաղթել է նրան մասնագիտական առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ՝ հավաստիացնելով, որ ՀՖԿՍՊԻ–ի և Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան համալսարանի միջև ձևավորված համագործակցությունը ժամանակի ընթացքում դառնում է ավելի արդյունավետ։

Դասախոսությունները նախատեսված էին «Ֆիզիկական վերականգնում» և «Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» կրթական ծրագրերով սովորող ուսանողների համար։