Հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ և ՀՖԿՍՊԻ-ի աշխատակիցներ

Շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Ողջունում եմ հատկապես առաջին կուրսեցիների նորամուտը, որոնք ընդունվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ և «Սպորտուս» հենակետային քոլեջ՝ միանալով մեր միասնական ընտանիքին։ Մեր առաքելությունն է ձեզ տալ լավագույն գիտելիքներ, ինչի շնորհիվ դուք կդառնաք աշխատաշուկայում պահանջված մասնագետներ և ձեր ներդրումը կունենաք սպորտի և ֆիզիկական դաստիարակության ոլորտներում։

Այս տարի մեզ համար անչափ կարևոր տարի է՝ մեր սիրելի ինստիտուտի 80-ամյա հոբելյանը: 80 տարի կրթության, գիտության և սպորտի ոլորտում իր ներդրումն ունեցող մեր ինստիտուտը ձևավորվել է իբրև ազգային արժեք: Տարիներ շարունակ մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և բարձրորակ մասնագետներն իրենց գիտելիքները, փորձն ու հմտություններն են փոխանցում մեր ուսանողներին՝ տալով նրանց արժեքավոր կրթություն: ՀՖԿՍՊԻ-ն եղել և մնում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կրթության, գիտության զարգացման և մարզական նվաճումների բացառիկ և եզակի բուհ:

Դուք ստացել եք լավ հնարավորություն համալրել մարզական ընտանիքի մաս կազմող լավագույն մասնագետների շարքը, դառնալ նրանցից մեկը, ծառայել հայկական սպորտի զարգացման գործին։ Եղե՛ք ուշադիր ուսանողներ, յուրացրե՛ք ձեր դասախոսների տված գիտելիքները։ Միայն այդ ճանապարհով դուք կկարողանաք դառնալ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բարձրորակ մասնագետ։

Կրկին շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Բարի երթ բոլորին։