Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում (ՀՖԿՍՊԻ) իր աշխատանքն է սկսել սպորտի ոլորտի կառավարիչների համար նախատեսված «Մենեջմենտը և մարկետինգը սպորտում» թեմայով եռօրյա սեմինար, որը կազմակերպվել է ՀՖԿՍՊԻ–ի և Ռուսաստանի Դաշնության Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի (ՍՄՕՀ) միջև կնքված համաձայնագրի շրջանակներում։
Բանախոսները ՍՄՕՀ–ի առաջատար մասնագետներն են՝ սպորտային ձեռնարկատեր Վլադիմիր Վոլոշինը, հովանավորների հետ աշխատանքի, բրենդի ստեղծման, առաջխաղացման և սոցիալական մեդիայում կառավարման մասնագետ Իրինա Կուդերովան և տնտեսագիտության թեկնածու, Sport Communication ընկերության մարկետինգի տնօրեն Անդրեյ Մալիգինը։
Սեմինարի 1–ին օրվա դասընթացավար Վլադիմիր Վոլոշինի զեկույցի թեման է «Սպորտի զարգացումը ժամանակակից պայմաններում»։
Վաղվա՝ մայիսի 20–ի, սեմինարավարը Իրինա Կուդերովան է՝ «Թվային հաղորդակցությունների ազդեցությունը ուժեղ սպորտային բրենդ ստեղծելու և հովանավորների ուշադրությունը գրավելու վրա» թեմայով։
Սեմինարի վերջին օրը դասախոսությամբ հանդես կգա Անդրեյ Մալիգինը՝ «Սպորտային կազմակերպության մարկետինգի կառավարում. գործնական ասպեկտներ» թեմայով։
Սեմինարի ավարտին մասնակիցներին կհանձնվեն միջազգային հավաստագրեր։
Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/8nXVD