Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանն այսօր պայմանագիր են ստորագրել ավտոմոբիլային սպորտի մասնագետներ պատրաստելու նպատակով բուհում լրացուցիչ կրթական ծրագրի իրականացման վերաբերյալ։

Պայմանագիրը ստորագրվել է ի կատարումն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի և «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամի միջև աշնանը (27․11․2024թ․) կնքված եռակողմ հուշագրի։

Դասընթացներն անցկացվելու են հատուկ կահավորված լսարանում, որտեղ ծրագրի մասնակիցները ոչ միայն ստանալու են ավտովարման տեխնիկական, տեսական գիտելիքներ, այլ նաև ծանոթանալու են ճանապարհային անվտանգության կանոններին։ Դասընթացները վարելու են բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ֆեդերացիայի ներկայացուցիչները։

Վերոհիշյալ ծրագրի լավագույն մասնակից–շրջանավարտին հնարավորություն է տրվելու ստացած գիտելիքները դրսևորել միջազգային մրցահարթակներում։