Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և Աուտիզմ ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանն այսօր ստորագրել են հուշագիր՝ հետագա համագործակցության վերաբերյալ։

Հուշագրով կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել աուտիզմ և զարգացման այլ խնդիրներ ունեցող անձանց հիմնախնդիրների մասին ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի իրազեկվածության ապահովմանը, միաժամանակ իրականացնելով նաև համատեղ միջոցառումներ ի նպաստ ներառական կրթության զարգացման։

Տիգրան Սիմոնյանը նշել է, որ համընդհանուր ներառականության ուղղությամբ մեր երկրի որդեգրած քաղաքականության համատեքստում ՀՖԿՍՊԻ–ն իրականացնում է իր առաքելությունը՝ պատրաստելով և թողարկելով ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի որակյալ մասնագետներ։ Լիլիթ Աթաջանյանը ներկայացրել է Աուտիզմ ազգային հիմնադրամի «Իմ Ուղին» կենտրոնի գործունեությունն ուղղված աուտիզմ ախտորոշում և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացների և զբաղվածության ապահովմանը։

Նույն օրը բուհի ուսանողների համար կազմակերպվել է աուտիզմի վերաբերյալ իրազեկման տեսասահիկի ներկայացում։