Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Բժշկական գենետիակայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի միջև կնքված հուշագրով բուհի ուսանողները հնարավորություն են ստանալու բժշկական գենետիկայի կենտրոնի ենթակառուցվածքներում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնել։
ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը, հուշագրի ստորագրման արարողությունից հետո քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված ծրագրերն, այդ թվում նաև՝ կինեզիոլոգիայի և կինեզոթերապիայի կրթական ծրագրով ուսումնառության և ոլորտի շարունակական զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր։ Կողմերը կարևորել են նաև մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաների ընտրության և համատեղ իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Տիգրան Սիմոնյանը և Թամարա Սարգսյանը հույս են հայտնել, որ համակարգված և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի կյանքի կոչել հուշագրում ամրագրված բոլոր դրույթները։