Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և «Հայ ֆուտբոլասեր բժիշկների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Բադալյանն այսօր հուշագիր են ստորագրել համագործակցության վերաբերյալ։
Կողմերի համագործակցության կարևոր բաղադրիչը վերաբերում է սպորտային բժշկության հեռանկարային զարգացմանը, մասնավորապես բուհի և ասոցիացիայի կողմից իրականացվելու են համատեղ գիտական հետազոտություններ՝ սպորտային գիտության ոլորտում, այդ թվում նաև՝ սպորտում բժշկակենսաբանական գիտության ոլորտի առաջադեմ ձեռքբերումների կիրառման միջոցով։
Համագործակցության շրջանակներն ընդգրկելու են նաև ասոցիացիայի կողմից բուհի աշխատակիցներին և ուսանողներին տրամադրվող ընդհանուր առողջապահական և նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվության ամփոփ գործընթացը, ինչպես նաև համատեղ մարզական միջոցառումների կազմակերպչական աշխատանքները։
ՀՖԿՍՊԻ–ի մասնագետների աջակցությամբ կազմակերպվելու է ֆուտբոլասեր բժիշկների մարզումային գործընթացը՝ հատուկ կազմված մարզումային ծրագրի հիման վրա։ Բուհի ներկայացուցիչները, որպես մրցավարներ, սպասարկելու են համատեղ կազմակերպված ֆուտբոլային առաջնությունները։