Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր հյուրընկալել էինք Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։

Ողջունելով դեսպան Սինհային ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է բուհում դասավանդվող կրթական ծրագրերը, մասնավորապես՝ Առողջարարական ֆիզիկական կուլտուրա/կինեզիոլոգիա, կրթական ծրագիրը։

«Ուրախ ենք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել բարեկամական Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին։ Լիահույս եմ, որ այս հանդիպումը նպաստելու է մեր բուհի և հնդկական ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ձևավորմանը։ Մեր ինստիտուտի կրթական ծրագրերում կարևոր նշանակություն ունի առողջ ապրելակերպ բաղադրիչը, այդ թվում նաև՝ յոգան։ Կարծում եմ Ձեր օգնությամբ հնարավոր կլինի այդ բաղադրիչը հասցնել ավելի բարձր մակարդակի»,– իր խոսքում նշել է պարոն Սիմոնյանը։

Տիկին Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել հնդկական կրթական համակարգում յոգայի նշանակությունը, տեղեկացնելով, որ յոգան որպես առարկա դասավանդվում է կրթական բոլոր մակարդակներում՝ նախակրթարանից մինչև բուհ։ «Հնդկաստանում գործում են յոգայի համալսարաններ։ Յոգան մարմնի և մտքի ներդաշնակություն է, մարմնի և մտքի առողջություն։ Այն մեծ նշանակություն ունի նաև սպորտային վնասվածքներից հետո վերականգնողական աշխատանքների ժամանակ»,– ասել է դեսպանը։ Նա նաև խոստացել է աջակցել, այս ուղղությամբ ՀՖԿՍՊԻ–ում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու գործում։

Հանդիպումից հետո դեսպան Նիլակշի Սահա Սինհան և ՀՖԿՍՊԻ–Ի մագիստրանտ, յոգայի մասնագետ Սվետլանա Ավագյանը «Վերականգնողական յոգան սպորտում» թեմայով դասախոսություն են կարդացել բուհի դասախոսների և ուսանողների համար։

Լուսանկարներ՝ https://shorturl.at/3YPMB