Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանի անվան կրթամրցանակի 3–րդ մրցութի հանձնախմբի նիստը։

Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել ՀՖԿՍՊԻ–ի վեց ուսանող՝ Հայկ Ղազարյանը, Գյուլնարա Տիգրանյանը, Հեղինե Սարկիսյանը, Մանվել Բարսեղյանը, Նատալյա Համբարձումյանը և Լիլիթ Արզումանյանը։

Հանձնախմբում ընդգրկված էին ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը, պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, այն ամբիոնների վարիչները, որտեղ սովորում են հավակնորդ ուսանողները, ինչպես նաև Սևակ Մնացականյանի ընտանիքի անդամները, ընկերները, «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը։

Հանձնախմբի անդամները ծանոթացել են կրթամրցանակին հավակնող ուսանողների առաջադիմությանը, սպորտային, մասնագիտական և կամավորական ակտիվությունը հավաստող փաստաթղթերին, ինչպես նաև Սևակ Մնացականյանի գործունեության վերաբերող գիտելիքներին, որից հետո փակ գաղտնի քվեարկությամբ կայացրել են իրենց ընտրությունը։

Կրթամրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ավելի ուշ՝ հանդիսավոր արարողության ժամանակ։

Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։