Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում էր «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Երևանում գտնվող Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվիրակությունը՝ UCL–ի կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պաքլերի գլխավորությամբ։
Հյուրերի առաջին հանդիպումը ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի և պրոռեկտորների հետ էր, որի ընթացքում ռեկտոր Տիգրան Սիմոնյանը խոսել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բացառիկության մասին՝ ընդգծելով բուհի հիմնական առաքելությունն ուղղված սպորտի և սպորտը սպասարկող ոլորտների համար գիտելիքահեն և բարձրորակ մասնագետներ պատրաստելուն։
Պատվիրակությունն, այնուհետև տարբեր աշխատախմբերում հանդիպումներ է ունեցել բուհի վարչակազմի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ։
Փորձագիտական խմբի անդամները ներկայացրել են նախատեսվող խոշորացման գործընթացի հիմնական գաղափարը, այն է նպաստել բուհերի ներուժի՝ գիտական, կրթական, հետազոտական և այլ հնարավորությունների համատեղմանը։ Քննարկվել են նաև խոշորացման գործընթացում հնարավոր ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող անհրաժեշտ քայլերի և գործընթացն անցնցում իրականացնելուն նպաստող ընթացակարգերին վերաբերող հարցեր։
Արտերկրից ժամանած փորձագիտական խմբի անդամները և ՀՖԿՍՊԻ–ի ներկայացուցիչները կարևորել են «Ակադեմիական քաղաքի» կրթական կլաստերի ձևավորմանը մասնակցող բուհերում կազմակերպված հանդիպումները՝ առկա ներուժի գնահատման և կարիքների վերհանման տեսանկյունից։
Հանդիպումներին մասնակցել են նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչները։
Բոլոր լուսանկարներն այստեղ՝ https://shorturl.at/6FR0u

