Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել ենք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Երևանում գտնվող Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվիրակության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներ Քրիս Հազբընդսին, Լինդա Մեյսոնին, Ռիչարդ Քալվարդին, Էնդրյու Ջեյ Բրաունին Հասմիկ Կյուրեղյանին և Աննա Սարգսյանին։
Այսօր հյուրերը հանդիպել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի և պրոռեկտորների, դեկանների, բուհում իրականացվող ուսումնական և հետազոտական գործընթացներն ապահովող, ինչպես նաև ռազմավարական զարգացման, որակի ապահովման և ֆինանսական ոլորտները համակարգող պատասխանատուների հետ։
Տարբեր աշխատախմբերում քննարկումներ են տեղի ունեցել ոսումնական գործընթացների, ուսանողների գնահատման և նրանց ակադեմիական ուղու, ինչպես նաև հետազոտական աշխատանքների պլանավորման, ֆինանսավորման, որակի ապահովման և արդյունքների հանրայնացման ուղղությամբ բուհում գործող ընթացակարգերի վերաբերյալ։ Հյուրերը շրջայց են կատարել բուհի մարզադահլիճներում, ծանոթացել՝ ուսանողների գործնական պարապմունքների պայմաններին։
Բրիտանացի մասնագետները Երևանում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հրավերով և ՀՖԿՍՊԻ-ում, այլ կազմով աշխատախմբերի հետ, հանդիպումներ են ունենալու նաև մարտի 20–ին և 25–ին։

