Հեծանվային սպորտի մասսայականացման վերաբերյալ ՀՖԿՍՊԻ–ում մշակված ծրագրի և «Հեծանվային արահետներ․ ակտիվ շարժունակություն` ներառման և բարեկեցության համար» (Cycle Paths – Active Mobility for Social Inclusion and Wellbeing) միջազգային ծրագրի շրջանակներում այսօր ՀՖԿՍՊԻ–ում հյուրընկալել էինք գործընկեր երկրների ներկայացուցիչներին և Lusa Mood կրթամշակութային ՀԿ նախագահ Սաթինե Ղարաքեշիշյանին։
Հանդիպմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սմբատյանը, ՖԴՍՏԱՏ ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանը, ՄՄ ֆակուլտետի դեկան Էրիկ Մարտիրոսյանը, հեծանվային սպորտ մասնագիտության դասախոս Գրիգոր Համբարձումյանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ոլորտը համակարգող ստորաբաժանման ղեկավարներ՝ Արտաքին կապերի և ռազմավարական զարգացման վարչության պետ Անժելա Նուշիկյանը և ՄՀԶԾ բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը։ Ռեկտոր Տիգրան Սիմոնյանը հյուրերին տեղեկացրել է, որ ՀՖԿՍՊԻ–ի կողմից մշակվել և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն է ներկայացվել հատուկ ծրագիր, որը համահունչ է հեծանվային սպորտի մասսայականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական ծրագրին։
Հյուրերը ներկայացրել են միջազգային ծրագրի հիմնական նպատակը, որն ուղղված է հեծանվային սպորտի՝ որպես սոցիալական ներառման և առողջ կենսակերպի խթանման զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՖԿՍՊԻ-ի և միջազգային ծրագրի անդամ երկրների, այդ թվում նաև՝ հայաստանյան Lusa Mood, կազմակերպութան միջև հնարավոր համագործակցության հեռանկարները՝ ծրագրի շրջանակներում երիտասարդների, միգրանտների, հաշմանդամություն ունեցող անձանց և սահմանափակ հնարավորություններ ունեցող այլ խմբերի ներգրավման ուղղությամբ։
Ծրագիրը միջազգային է (Հայաստան, Հունաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա), այն մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերի 1–ին և իրականացվելու է մինչև 2027 թվականի նոյեմբերի 30–ը։

