Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) առաջարկությամբ Ֆիզիկական դաստիարակության և սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIEPS Europe) 2029 թվականի կոնգրեսը տեղի կունենա Երևանում։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի՝ FIEPS Europe–ի նախագահ Դարիո Նովակի և FIEPS World կազմակերպության նախագահ Բրանիսլավ Անթալայի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
Հյուրերը հանդիպել են ՀՖԿՍՊԻ–ի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ հանրակրթական դպրոցներում» գիտական նախագծի հեղինակներ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի և ՀՖԿՍՊԻ–ի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տվյալների հավաքագրման և վերլուծության կառավարման կենտրոնի ղեկավար Կարինե Քոչարյանի հետ։ Նշենք, որ Դարիո Նովակը հանդիսանում է ծրագրի միջազգային գործընկերը: Հանդիպման մասնակիցները քննարկել են ՀՀ մարզերի դպրոցներում իրականացված հետազոտությունների, տվյալների հավաքագրման, վերլուծության և ֆիզիկական կուլտուրայի դասերի արդյունավետության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Պարոն Նովակն իր պատրաստակամությունն է հայտնել հայ գործընկերների հետ կիսվել իր կողմից կատարված աշխատանքների վերլուծական տվյալներով և այլ անհրաժեշտ տեղեկատվությամբ։
Հյուրերն իրենց նախնական համաձայնությունն են հայտնել նաև ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» ամենամյա ֆորումին որպես խոսնակ հանդես գալու վերաբերյալ։ Այցի շրջանակներում նրանք եղել են բուհի «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունների, կատարված և նախատեսվող աշխատանքների հետ։
Դարիո Նովակը և Բրանիսլավ Անթալան հանդիպել են նաև նախորդ տարիներին FIEPS New Leaders ծրագրին մասնակցած ՀՖԿՍՊԻ–ի ներկայացուցիչների հետ, այցելել են բուհի թանգարան և գրառում կատարել թանգարանի հուշամատյանում։
Բոլոր լուսանկարներն այստեղ՝ https://shorturl.at/Olm1u

