Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանի անվան կրթամրցանակի 4–րդ ծրագրի մասնակիցների հարցազրույցի փուլը։

Համաձայն ծրագրի պայմանների, մասնակիցները նախօրոք արդեն ներկայացրել էին իրենց առաջադիմության, մասնագիտական և կամավորական ակտիվության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը և մոտիվացիոն նամակը։

Հաղթողին ընտրելու համար ստեղծված հատուկ հանձնախմբում, ՀՖԿՍՊԻ–ի ներկայացուցիչներից բացի, ընդգրկված են նաև Սևակի հարազատները, մարտական և գաղափարակից ընկերները։ Ուսանողները խոսել են Սևակ Մնացականյանի հայրենասիրական և մարտական գործունեության մասին, ներկայացրել իրենց տեսլականը հայրենիքի նկատմամբ անհրաժեշտ հոգացության, հայապահպան արժեքների և գաղափարների վերաբերյալ։

Կրթամրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ավելի ուշ՝ հանդիսավոր պայմաններում։

Ծրագրի համակարգողը «Հայ Ձմեռ Պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն է, հովանավորը՝ ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանը։