Նոյեմբերի 25-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական գրադարանում, ինստիտուտի անձնակազմի՝ շրջակա միջավայրի և էկոլոգիական բնույթի անվտանգային խնդիրների վերաբերյալ իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացման և դրանց համակողմանի ու ռազմավարապես ընկալման նպատակով, տեղի ունեցավ հատուկ բանախոսություն:
Որպես հրավիրյալ մասնագետ՝ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ Առլեն Շահվերդյանը: Զեկույցի թեման էր՝ «Էկոլոգիական անվտանգության հիմնախնդրի ռազմավարական և քաղաքագիտական գնահատումներ»:
Բանախոսը ներկայացրեց էկոլոգիական անվտանգության հիմնախնդրի արդի իմաստավորումն ու գնահատումը, դրա ազդեցությունը միջազգային քաղաքական գործընթացների, միջպետական հարաբերությունների վրա: Նա անդրադարձավ իր կողմից երկար տարիներ ուսումնասիրված և հայրենական քաղաքական գիտության մեջ սկզբնավորած ու վեր հանված «էկոլոգիական քաղաքագիտություն» կամ «քաղաքական էկոլոգիա» գիտաճյուղին և դրա շրջանակներում առկա իրողություններին ու զարգացումներին:
Հանդիպման շրջանակներում Առլեն Շահվերդյանը բուհի գրադարանին նվիրեց բնապահպանական և բնաճանաչողական բովանդակությամբ իր հեղինակած գրքերից։

