Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունեցել բուհի 80–ամյակին նվիրված սեմինար «Սպորտային կառավարում և իրավունք» թեմայով։
Սեմինարը կազմակերպվել է Րիզոլվ Ակադեմիայի հետ համագործակցությամբ և նախատեսված էր ՀՖԿՍՊԻ–ի ՊԴԱ ներկայացուցիչների, մագիստրատուրայի «Կառավարում» և «Մարքետինգ» մասնագիտությամբ սովորող ուսանողների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների համապատասխան մասնագետների, սպորտի կառավարման և շուկայագիտության ոլորտը ներկայացնող հրավիրված հյուրերի համար։
Սեմինարի բանախոսներն էին ՀՖԿՍՊԻ–ի Հումանիտար և հասարակագիտական ամբիոնի դասախոս, Րիզոլվ Ակադեմիայի տնօրեն, ICC Armenia-ի անդամ Տաթևիկ Կարապետյանը, CaseLens ընկերության տնօերն և համահիմնադիր Արամ Աղաբաբյանը և HG Partners սպորտային կառավարման գործակալության տնօրեն, ՖԻՖԱ-ի լիցենզավորված ֆուտբոլային գործակալ Հրաչյա Ղամբարյանը:
Միջոցառման նպատակն էր վերլուծել, թե ինչպես կարելի է Հայաստանում սպորտը դիտարկել ոչ միայն որպես մշակութային ու առողջապահական ոլորտ, այլև որպես աճող արդյունաբերություն։ Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու սպորտի կառավարման և իրավական հիմնախնդիրները, ֆինանսավորման ու ներդրումների հնարավորությունները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառումը։