Հոկտեմբերի 16–ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունենալու Միջազգային ֆորում՝ «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» թեմայով։ Ֆորումը նվիրված է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80–ամյակին։ Բանախոսներն արտերկրից հրավիրված և հայաստանյան առաջատար մասնագետներ են։
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտային պատրաստության մանկավարժական հիմնախնդիրները» թեմայով հանդես է գալու մ․գ․դ․, պրոֆեսոր ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՄԱԿ-ին առընթեր Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ֆրունզ Ղազարյանը:
Հ․գ․դ․, պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, «Հայաստանի հոգեբանների միություն» ՀԿ-ի նախագահ Հրանտ Ավանեսյանը ելույթ է ունենալու «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հոգեբանական ապահովումը» թեմայով։
«H&K Partners» իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր, ICC Armenia-ի անդամ Ժիրայր Հաբիբյանը և Րիզոլվ Ակադեմիայի տնօրեն, ICC Armenia-ի անդամ Տաթևիկ Կարապետյանը խոսելու են «Սպորտի իրավագիտության հեռանկարների» մասին։
«Օլիմպիական սպորտի և Օլիմպիական կրթության հիմնախնդիրների» վերաբերյալ զեկույցով հանդես է գալու հ․գ․թ․, պրոֆեսոր Հարություն Բաբայանը։
«Սպորտային տուրիզմի զարգացման հեռանկարները» ներկայացնելու են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման խորհրդական Անահիտ Ոսկանյանը և մ․գ․թ․, դոցենտ Սուրեն Դանիելյանը։
Պատրասի համալսարանի բիզնեսի կառավարման ամբիոնի պրոֆեսոր, կ․գ․դ․ Դիմիտրա Պապադիմիտրոուի զեկույցի թեման է՝ «Սպորտի կառավարման արդի մարտահրավերները»։