Հուլիսի 18–ին տեղի ունեցավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2025/26 ուսումնական տարվա շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին բուհի ռեկտորը, պրոռեկտորները, աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր։
Ողջունելով ներկաներին ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը խոսել է ուսումնառության ընթացքում շրջանավարտների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների մասին, որոնց շնորհիվ նրանք ձեռք են բերել աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն և դարձել որակյալ մասնագետներ։ «Հարգելի՛ շրջանավարտներ, եկել է ժամանակը Ձեր աշխատանքային կենասգրությամբ ապացուցելու, որ լինելով ՀՖԿՍՊԻ շրջանավարտ դուք պատրաստ եք ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության սպորտի և սպորտը սպասարկող ոլորտների կայացմանը, զարգացմանը և բարգավաճմանը։ Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մաղթում՝ ամենայն բարիք, մասնագիտական ձեռքբերումներ և անձնական հաջողություններ»,– իր խոսքում նշել է ռեկտորը։
Հնչել է նաև ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտների երդումը․ «Դառնալով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շրջանավարտ երդվում եմ՝ արժանապատվորեն կրել իմ Ալմա մատերի անունը, պայքարել հանուն արդար մրցակցության և արժանապատիվ հաղթանակի, միշտ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին, կրթությանը, սպորտին և հայրենիքին, ապրել և գործել ի շահ առողջ հասարակության և բարեկեցիկ ապագայի։ Երդվում եմ լինել օրինակ՝ ուժով, մտքով և արժանապատվությամբ։ Երդվում եմ»։
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունն ավարտվել է երաժշտական միջոցառումով։