ՀՖԿՍՊԻ–ում առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլագիա, մասնագիտությամբ սովորող ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան կշարունակեն անցնել նաև Հանրապետական վերականգնողական կենտրոնի արհեստավարժ մասնագետների վերահսկողության տակ։ Այս և համագործակցության բազմաթիվ այլ ուղղություններ ներառված են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հանրապետական վերականգնողական կենտրոնի միջև ստորագրված հուշագրում։

Հուշագիրն այսօր ստորագրել են ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը։ Կողմերը համաձայնվել են համագործակցել նաև պրակտիկ և գիտական հենքի վրա մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաների ընտրության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հետազոտություն իրականացնող ուսանողներին կենտրոնի կողմից գործուն և առարկայական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։

Համաձայն հուշագրի կողմերը համագործակցելու են գիտական համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հուշագրի կարևոր բաղադրիչ են նաև բուհում կինեզիոլոգիա մասնագիտությամբ սովորող ուսանողների գործնական դասերի կազմակերպման և ֆիզիկական վերականգնողի (կինեզիոլոգի) մասնագիտացում ստացած շրջանավարտների կարիերայի ձևավորման աշխատանքները։