Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Րիզոլվ Ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել են «Սպորտային իրավունք և միջազգային կառավարում՝ իրավաբանների և սպորտի մասնագետների համար» վերապատրաստման դասընթացը։
Մասնակցները ինչպես ՀՖԿՍՊԻ–ի աշխատակիցներ են, այնպես էլ դասընթացներին նախապես մասնակցության հայտ ներկայացրած ոլորտի մասնագետներ։
Դասընթացավարները խոսելու են ներհանրապետական և միջազգային սպորտային իրավունքի, սպորտը կարգավորող իրավական սկզբունքների, կանոնակարգերի, վեճերի լուծման մեխանիզմների, ինչպես նաև սպորտային կառավարման մասին, իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները փոխանցելով մասնակիցներին։
Դասընթացի տևողությունը 30 ակադեմիական ժամ (1 կրեդիտ) է, որն ավարտած և հաջողությամբ ստուգարք ստացած մասնակիցները հնարավորություն կունենան ընդգրկվել Րիզոլվ Ակադեմիայի փորձագիտական բազայում և իրենց հետազոտական աշխատանքները հրատարակել միջազգային ամսագրերում։