Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորել Մարզական լրագրության ամբիոնի կողմից ներկայացված «Հայ դեռահասի արժեհամակարգի փոխակերպումները սոցիալական ցանցերի ազդեցությամբ» գիտական թեման:
Նպատակ ունենալով բացահայտել հայ դեռահասի արժեքային կողմնորոշիչների ձևավորման առանձնահատկությունները, նրա սոցիալական վարքի որոշ դրսևորումների շարժառիթները, գիտական թեմայի ղեկավար, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Լիլիթ Հակոբյանը փաստեց, որ սույն հետազոտության ընթացքում շեշտադրվել է հայ դեռահասի«հերոսի» մասին ընկալումներում «յուրայինի» և «օտարի» կերպարի ընկալման առանձնահատկությունների բացահայտումը: Այս առանձնահատկությունները հատկապես կարևորվում են ազգային ինքնության սահմանների բնորոշման տեսանկյունից և պայմանավորում սեփական հավաքական «ես»-ի առանձնացումը «ոչ-ես»-ից համապատասխան նմանությունների և տարբերությունների մասին կարծրատիպային պատկերացումների ձևակերպմամբ:
Անդրադառնալով ուսումնասիրվող թեմայի արդիականությանը գիտական խմբի անդամ Մարզական լրագրության ամբիոնի վարիչ Արևիկ Բաղդասարյանը փաստեց. «Հայ դեռահասը խնդիր ունի բացահայտելու իր արժեքային դաշտի բովանդակությունը: Դրանով պայմանավորված՝ հետազոտության տիրույթում բացահայտվելու են սոցցանցերում ձևակերպվող և փոխակերպվող արժեքների ողջ բազմազանությունը, յուրաքանչյուրի տեսակարար կշիռն ու տեղը հայ դեռահասի կողմից կատարված գրառումներում և նրան ուղղված ուղերձներում»:
Խոսելով սոցցանցերի ազդեցության մասին Լիլիթ Հակոբյանը ընդգծեց. «Սույն հետազոտության հիմնական նպատակն է իրականացնել համապարփակ վերլուծություն, որը թույլ կտա ուրվագծելու սոցիալական ցանցերի ազդեցությամբ հայ դեռահասի արժեքային փոխակերպումների պարադիգմը»:
Այժմ գիտական խումբը, տիպաբանում է սոցցանցերի հայաստանյան դեռահասին՝ ըստ հաղորդակցական վարքի առանձնահատկությունների (ստեղծում, տարածում, սպառում, քննարկում, հավանում, մերժում, ստուգում և այլն): Իրականացնելով բովանդակության (կարգավիճակներ, խմբեր) դիտարկում սոցիալական ցանցերում (Facebook, Instagram), ինչպես նաև քննարկումներ փորձագետների հետ, գիտական խումբը մշակել է հարցաթերթիկներ: Հաջորդիվ նախատեսվում է դաշտային աշխատանքների իրականացում, տվյալների հավաքագրում, մասնավորապես՝ մշակված հարցաթերթիկների տարածում մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներում: Իրականացված աշխատանքները գիտական խումբը կամփոփի առանձին գիտական հետազոտության տեսքով, որը հասանելի կլինի մասնագիտացված հանրույթին՝ մեդիափորձագետներին, լրատվադաշտի ներկայացուցիչներին։
Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում տպագրության է նախապատրասվում թվով երկու գիտական հոդված Scopus գիտաչափական շտեմարանում: