History

1945 թվական: Հայաստանը հետպատերազմյան ծանր ու դժվարին շրջանում էր: Սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար անհրաժեշտ էին նոր կադրեր, նոր մասնագետներ: Առաջնահերթ խնդիրների շարքում ավելացել էին նաև ազգաբնակչության առողջության ամրապնդումը, ֆիզիկապես կոփումն ու մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությունը: Օրհասական էր դարձել այնպիսի կրթական հաստատության ստեղծումը, որը կնպաստի այս խնդիրների լուծմանը: 

1945 թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ստեղծելու մասին: Այս կարևոր քայլով սկիզբ դրվեց հայրենական սպորտի և ֆիզիկական կուլտուրայի կենսագրությանը:  

Բուհի հիմանդրման ու կայացման գործում իրենց հատուկ տեղն ու դերն ունեն Հ.Ե. Փարսադանյանը, Ա.Ե. Չարչօղլյանը, Լ.Խ. Քալաշյանը, Հ.Գ. Թոփալյանը, Վ.Բ. Առաքելյանը: Այսօր հպարտությամբ ենք հիշում Ա.Օ. Գալուստյանի, Ա.Լ. Տեր-Հովհաննիսյանի, Գ.Ա. Ալիխանյանի, Ռ.Ա. Ջուղանյանի, Կ.Ա. Վարդանյանի, Գ.Բ. Սաֆարովի և շատ ուրիշ դասախոսների և գիտնականների անունները, որոնք նույնպես իրենց ողջ գործնական ներուժը ներդրել են բուհի գործունեության բոլոր ուղղությունների կատարելագործման համար:

1945 թվականի սեպտեմբերին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի առաջին տնօրեն նշանակվեց Հայկ Փարսադանյանը:

Բուհի հիմնադրման տարում դասերը սկսվել են հոկտեմբերի 1-ից: Ուսումնական պարապմունքներն անցկացվում էին այն ժամանակ միակ մանկավարժական ֆակուլտետում` հանրապետության Սպորտկոմիտեի մասնաշենքում: Թվով 13 ամբիոններում աշխատում էին 26 դասախոսներ, հիմնականում՝ Մոսկվայի, Լենինգրադի, Անդրկովկասի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտների շրջանավարտներ: Ուսանողների թիվը կազմում էր 114 մարդ: 

1946 թվականի մայիսին բուհում ստեղծվեց մարզական ակումբը` «ՖԻՄԱ»-ն, որ մինչ օրս էլ շարունակում է գործել և մեծ հաջողություններ արձանագրել: 

Ապագա մասնագետներին կրթելու գործը վստահված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներին, սպորտի վարպետներին և գրոսմայստերներին: Պրոֆեսորադասախոսական կազմից շատերը մասնակցում են հանրապետական տարբեր գիտամեթոդական, ուսումնական, մարզական, հասարակական կազմակերպությունների և հանձնաժողովների աշխատանքներին: Գիտամանկավարժական աշխատանքի համար շատ դասախոսներ և աշխատակիցներ արժանացել են տարբեր շքանշանների և մեդալների: 

Տարիների  ընթացքում աշխատակիցների կողմից հրատարակվել են 3000-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում՝ դասագրքեր, մենագրություններ, մեթոդական ձեռնարկներ, հանրագիտարաններ, հայերեն լեզվով ծրագրեր և այլն, ստացվել են տասնյակ հեղինակային վկայականներ և արտոնագրեր տեխնիկական սարքերի մշակման համար՝ մանկավարժական և բժշկակենսաբանական պարամետրեր արձանագրելու նպատակով: 

1948 թվականին արդեն հայաստանյան աշխատանքային շուկա դուրս եկան 42 ֆիզիկական կուլտուրայի ուսուցչիներ: 

Մեր շրջանավարտները ոչ միայն Հայաստանում են հասել հաջողության, այլև այլ երկրներում նույնպես իրենց փորձն ու գիտելիքը ներդրել են սպորտի զարգացման գործում: 

Երկրի համար օրհասական պահերին բուհի ուսանողները իրենց օգնությունն ու աջակցությունն են հայտնել:  Օգնել են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերականգնման գործում, օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին՝ քաղաքների և գյուղերի վերականգնման գործում: 32 ուսանող և շրջանավարտ հերոսաբար զոհվեցին Արցախի ազատագրական պատերազմում:  

Տարբեր տարիներին ուսանողները մասնակցել են Ծաղկաձորի օլիմպիական բազայի,Կ.Դեմիրճյանիանվան մարզահամերգային համալիրի շինարարություններին, աշխատել են Սախալինի, Մուրմանսկի, Ղրղզստանի, Պերմի և Տյումենի մարզերի շինարարական կառույցներում, Տալինի օլիմպիական բազայի շինարարությունում: 

Օլիմպիական խաղերին բուհի ուսանողներն ու շրջանավարտները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Տարեցտարի այդ թիվն ավելանում է: 

1947թ.-ին բուհում ստեղծվել է ուսանողական գիտական ընկերությունը, որն էլ ավելի ամուր հիմքերի վրա դրեց ուսանող- բուհ կապը: 

1954թ. -ին  բուոհւմ բացվել է հեռակա ուսուցման բաժին:

1980թ.-ին շահագործման է հանձնվել բուհի ադմինիստրատիվ-ուսումնական նոր, ութհարկանի մասնաշենքը, իսկ հինգ տարի անց` բուհի պատմության թանգարանը, որ կենդանի դարձնում բուհի անցած ճանապարհը: 

Հայաստանում անկախության ձեռքբերումից հետո մոդեռնիզացիայի ենթարկվեց նաև ֆիզկուլտուրային կրթության համակարգը, հաստատվեցին կրթական նոր չափորոշիչներ, ստորագրվեց Բոլոնյան հռչակագիրը, իրականացվեց միացումը եվրոպական կրթական գործընթացին: Մշակվեցին նոր ծրագրեր, գիտելիքների գնահատման նորմեր, անցում կատարվեց  վարկանիշային համակարգին, ստեղծվեցին կրթության որակի ապահովման բաժինը, մագիստրատուրան, կարիերայի կենտրոնը:  Զգալիորեն ընդլայնվեց ուսանողների հետ տարվող անհատական աշխատանքի ոլորտը, ավելացավ օտար լեզուների ուսումնասիրման ժամաքանակը:  

 1992թ.-ից բուհը սկսեց մասնագետներ պատրաստել  «Փրկարարական գործ» մասնագիտությունից:

1995թ.-ից բուհում բացվեց  «Կինեզիոլոգիա» մասնագիտությունը, իսկ 1995-1996 թվակններից իրավունք ստացավ իրականացնելու ասպիրանտուրայի ընդունելություն՝  «Ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությամբ:

2004թ.-ին բուհն անցնում է ուսումնական երկաստիճան կրթական համակարգի: Բուհը ևս մեկ քայլ է անում` համապատասխանելով միջազգային չափորոշիչներին: 

Բուհի նորարարական գործունեությունը սերտորեն կապված է ապագա մասնագետների տեսական, մեթոդական և տեխնոլոգիական պատրաստման փոփոխությունների հետ: Այս բոլորն արվում է կոմպետենտ մոտեցման տեսանկյունից, այն է՝ ուսուցման գործընթացում ուսանողը պետք է յուրացնի կոնկրետ գիտելիքներ, ձեռք բերի կարողություններ և հմտություններ, զարգացնի  որոշակի հատուկ և մասնագիտական որակներ, որոնք հնարավորություն կտան հաջողությամբ դրսևորել և՛ աշխատանքում, և՛ կյանքում:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը պատրաստում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներ և մարզիչներ տարբեր մարզաձևերից, առողջարարական և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ, մարզական լրագրողներ, կինեզիստներ: Բուհն այն կենտրոնն է, որի բազայի վրա գործում է Ազգային օլիմպիական ակադեմիան:  

Ուսումնական գործընթացն ու գիտական հետազոտություններն ապահովելու նպատակով ինստիտուտն իր տրամադրության տակ ունի էլեկտրոնային գրադարան, համակարգչային դասարաններ, գիտատեխնիկական տեղեկատվության տեխնիկական միջոցների ծառայություն, գիտահետազոտական կենտրոն, համացանցային կապ, ամբուլատորիա, մարզադահլիճներ, հրաձգարան, տպարան, մարզակումբ: Ուսումնադաստիարակչական գործընթացի կարևոր մասն է արտադրական պրակտիկան, որն անցկացվում է ուսումնակրթական հաստատություններում, մարզադպրոցներում, կլինիկաներում, զանգվածային տեղեկատվության միջոցներում:

2011 թվականին բուհը դարձավ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ: Բուհի համագործակցության քարտեզը մեծ է. ամուր գործընկերային կապեր են ձևավորվել Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքմենիայի, Բելգիայի  բուհերի հետ: 

Բուհն իր պատմության ընթացքում արժանացել է բազում անգնահատելի մրցանակների: Ըմբշամարտի զարգացման գործում ունեցած հատուկ ձեռքբերումների համար բուհը պարգևատրվել է դիպլոմով և «Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի» ոսկե խորհրդանիշ  մրցանակով, ինչպես նաև արժանացել է ՄՕԿ-ի և Օլիմպիական ակադեմիայի «Սպորտը և համերաշխությունը» մրցանակին:  

2020 թվականին բուհը հանդես եկավ նոր լոգոյով, 75-ամյակի կապակցությամբ ստեղծվել է Հ. Փարսադանյանի անվան մեդալ:  

Տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները բուհի համար խթան են` անցնելիք ուղին նոր նվաճումներով հարստացնելու համար: