Թանգարանի մասին
Ինստիտուտի պատմության թանգարանը բացվել է ինստիտուտի նախկին ռեկտոր Հ. Գ. Թոփալյանի նախաձեռնությամբ` 1985թ. հոկտեմբերին, երբ ինստիտուտը նշում էր իր 40-ամյակը: Թանգարանի ֆոնդի ձևավորման համար մեծ եռանդ է ներդրել թանգարանի նախկին վարիչ Մարատ Մխիթարյանը: Այժմ թանգարանի պատասխանատու է հանդիսանում Ս. Ծատրյանը:
Թանգարանի թեմատիկ էքսպոզիցիոն պլանը կազմել է պրոֆեսոր Է.Ե.Սահակյանը, որը ներկայացնում է ինստիտուտի նախապատմությունը, պատմությունը, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների ձեռքբերումները: Ինստիտուտի թանգարանային նմուշների ցուցադրությունը սկսվում է ինստիտուտի նախասրահից, որտեղ ներկայացված են օլիմպիական արքաների քանդակները: Էքսպոզիցիաներից մեկը ձոնված է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող-շրջանավարտներին, որոնք կամավոր ջոկատների շարքերում կռվել են Արցախի անկախության և ազատության համար մղվող պայքարում: Այս գաղափարի հեղինակը հանդիսանում է նախկին ռեկտոր Վ. Առաքելյանը: Նրա հանձնարարությամբ ինստիտուտի բակում տեղադրվել է խաչքար-հուշարձան` հավերժացնելով զոհված ուսանողների հիշատակը: Հիշատակի բովանդակային թեմատիկան շարունակվեց նաև հետագայում և Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հավաքական սիմվոլ հանդիսացավ Շավարշ Քրիսյանի կիսանդրու բացումը, ով 1911-1915թթ. եղել է «Մարմնամարզ» թերթի հիմնադիրն ու խմբագիրը, մարզական գործիչ, գրող, հրատարակիչ, Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիր անդամներից:
Հաջորդ էքսպոզիցիան ներկայացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ստեղծման և կայացման գործում մեծ ներդրում ունեցած ղեկավարների գործունեությունը՝ բազմաթիվ լուսանկարներով, փաստաթղթերով, անձնական իրերով: Առկա են նաև առաջատար դասախոսների, աշխատողների, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչների գործունեությունը ներկայացնող ուսումնական, գիտահետազոտական, մարզական, հասարակական, քաղաքական մեծածավալ աշխատանքներ:
Առանձին էքսպոզիցիայով են ներկայացված ինստիտուտի միջազգային
մարզական կապերը, նյութատեխնիկական բազան արտացոլող ցուցադրափեղկերը, որտեղ ցուցադրվում են տարբեր պատվիրակությունների, հայտնի մարզիկ-շրջանավարտների, վետերանների, արտասահմանյան հյուրերի կողմից ինստիտուտին նվիրաբերված հուշանվերները:
Ներկայացված էքսպոզիցիաների մեջ յուրահատուկ տեղ են զբաղեցնում Խորհդային շրջանի օլիմպիական չեմպիոններին նվիրված ցուցադրափեղկերը՝ մարզիկների անձնական իրերով` մարզահագուստ, մեդալներ, գավաթներ, շքանշաններ, արխիվային նյութեր, պատվոգրեր, փաստաթղթեր և այլն:
Թանգարանի նյութերի հավաքման գործընթացը վերահսկվում է ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դ. Խիթարյանի կողմից: Ներկայումս աշխատանքներ են տարվում թանգարանի նյութերի բովանդակության շարունակական արդիականացման ուղղությամբ, որով զբաղվում է ինստիտուտի հավաքական թիմը՝ ռեկտոր Դ. Խիթարյանի գլխավորությամբ: Այս առումով նախատեսվում է թանգարանը համալրել երկու նոր էքսպոզիցիոն ցուցադրություններով:
Թանգարանի պատմությունը` որպես ուսումնական նյութ, ընդգրկված է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն դասընթացի» ուսումնական ծրագրում: