2003թ. ինստիտուտի «Մանկավարժական» ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց «Մարզաառողջարարական» ֆակուլտետը, որի դեկան ընտրվեց պրոֆեսոր Անահիտ Ալբերտի Հարությունյանը:

2016թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ դառնալով հիմնադրամ: Տեղի ունեցան նաև կառուցվածքային փոփոխություններ: «Մարզաառողջարարական» ֆակուլտետը վերանվանվեց «Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաներ» ֆակուլտետի, իսկ արդեն 2020 թվականից Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի եվ կառավարման ֆակուլտետ։

Ֆակուլտետում գործում է 5 ամբիոն, որոնք թողարկում են շրջանավարտներ հետևյալ մասնագիտություններով

Բակալավրի կրթական ծրագիր

  • Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա
  • Մարզական լրագրություն
  • Փրկարարական գործ

Մագիստրոսական կրթական ծրագիր

  • Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա
  • Մարզական լրագրություն
  • Սպորտի հոգեբանություն
  • Սպորտի կառավարում
  • Սպորտի մարքեթինգ
  • Սպորտային տուրիզմ

Դասընթացներն իրականացվում են և՛ առկա, և՛ հեռակա տարբերակով

Ամբիոններ՝

  • Ֆիզիկական վերականգնման ամբիոն
  • Սպորտի կառավարման և մարքեթինգի ամբիոն
  • Մարզական լրագրության ամբիոն
  • Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոն
  • Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոն

Ամբիոնը հիմնադրվել է 1945թ-ին` որպես Հիգիենայի և բուժական վերահսկողության ամբիոն: Առաջին վարիչը և հիմնադիրը եղել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Արմենակի Մինասյանը:

1947թ. միավորվել է Բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնի հետ՝ անվանվելով Բուժվերահսկողության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոն, որից հետո վերանվանվել է Սպորտային բժշկության ամբիոն:

Ամբիոնում աշխատած առավել մեծ գիտամանկավարժական ծառայություններ ունեցող դասախոսներից են՝ դոցենտ Լ. Գևորգյանը, բ.գ.թ., դոցենտ Ի. Օգանովան, կ.գ.թ., դոցենտ Հ. Մանուկյանը և ուրիշներ:

1996թ. ամբիոնում բացվում է «Կինեզիոլոգիա» մասնագիտությունը:

2004թ. ամբիոնին կից ստեղծվում է «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությունը և ամբիոնը վերանվանվում է՝ Կինեզիոլոգիայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոն:

2008թ. «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությունն առանձնանում է և ամբիոնը անվանվում է Կինեզիոլոգիայի ամբիոն:

Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնում պաշտպանվել են 1 դոկտորական և 7 թեկնածուական ատենախոսություններ, թեզեր, տպագրվել են ավելի քան 200 գիտական հոդվածներ` հանրապետական և միջազգային գիտական ժողովածուներում:

Այսօր ամբիոնում աշխատում են՝ 1 բժշկական գիտությունների դոկտոր, 2 բժշկական գիտությունների թեկնածու, 3 կենսաբանական գիտությունների թեկնածու, 2 մանկավարժական գիտությունների թեկնածու:

Ամբիոնի կրթական ծրագիրն է. բակալավրիատի համար՝ Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ Կինեզիոլոգիա և տալիս է Սպորտի բակալավրի որակավորում, իսկ մագիստրատուրայի համար՝ Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ Կինեզիոլոգիա և տալիս է Սպորտի մագիստրոսի որակավորում:

Ամբիոնը թողարկում է հետևյալ մասնագետներ՝ կինեզիոթերապիստներ (առողջ ապրելակերպի մասնագետներ, արտադրական-առողջարարական մարմնամարզության մասնագետներ,մերսողներ, բուժական ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչներ): Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են առաջատար ռեաբիլիտացիոն կենտրոնների, ինչպես նաև քաղաքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների հետ:

Ուսուցման ձևաչափը՝

• 4 տարի բակալավրիատ,

• 1 տարի մագիստրատուրա (ստացիոնար և հեռակա բաժիններ):

2020թ. ամբիոնը ղեկավարում է ՝ մ.գ.թ. դոցենտ Գևորգ Լևոնի Նալբանդյան։

Ժամանակակից սպորտն  առավելապես դարձել է գրավիչ բիզնես ինդուստրիա, որը կարիք ունի բարձր որակավորմամբ կառավարիչների և մարքեթոլոգների, այդ թվում նաև ՀՀ-ում: 

ՀՖԿՍՊԻ-ը կարևորելով այդ խնդիրը, ցանկանում է պատրաստել  աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ, որոնք պահանջված կլինեն  ըստ իրենց  մասնագիտության և հնարավորություն կունենա առավել արժեքավոր լինել, որպես մասնագետներ իրենց ապագա գործատուների համար:Բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու նպատակով՝ ՀՖԿՍՊԻ-ը  փոփոխություներ է իրականացրել ուսման որակը արմատականորեն  բարձրացնելու համար՝ նախաձեռնելով բարեփոխումներ ՛՛Սպորտի կառավարում՛՛ և ՛՛Սպորտի մարքեթինգ՛՛ մասնագիտությանների  մագիստրոսական ծրագրերում: Այդ բարեփոխումները ենթադրում են ուսումնական ողջ գործընթացի արմատական փոփոխություններ ըստ միջազգային չափորոշիչների/չափանիշների՝ ուսումնական ծրագրերի  արդիականացում ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում՝ տեսական և պրակտիկ գիտելիքների արդյունավետ համադրության միջոցով, գործնական պարապմունքների յուրահատուկ մոդելով կազմակերպում, պրոֆեսիոնալ/արհեստավարժ  դասախոսական նոր անձնակազմի ներգրավվում,  որոնք լինելով   տարբեր ոլորտնեորի առաջատար մասնագետներ,ուսանողներին կփոխանցեն նաև իրենց հարուստ փորձը: Առավել արդյունավետ կկազմակերպվի ուսանողների  պրակտիական, որը հնարավորություն կտա ոչ միայն բարձր որակի  գիտահետազոտական աշխատանքներ կատարել/մագիստրոսական թեզեր/այլ թույլ կտա նաև  բարձրացնել ապագա մասնագետների պրակտիկ հմտությունների  որակը` որի շնորհիվ  նրանք կգտնեն պահանջված/  հեռանկարային աշխատանք սպորտի կառավարման և մարքեթինգի  ոլորտում:

Մագսիտրոսական  ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կարող են զբաղեցնել պաշտոններ պետական և մասնավոր հատվածի կառավարման միջին և բարձր օղակներում՝ֆեդերացիաներում, պետական և մունիցիպալ մարմիններում ,մարզական ակումբներում, սպորտային կազմակերպություններում, մարզադպրոցներում, որպես կազմակերպության/ընկերության ղեկավարներ, կառավարիչներ, մարքեթոլոգներ, գովազդի և PR մենեջերներ, event-մենեջերներ և այլն :

2000 թ. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնում բացվեց մարզական լրագրության բաժին, որը 2003 թվականից վերակազմավորվեց մարզական լրագրության և շախմատի ամբիոնի: Հիմնադրման օրվանից ամբիոնը գիտագործնական ակտիվ գործունեություն է ծավալել։

Մարզական լրագրության և շախմատի ամբիոնում ուսուցանվող դասընթացները ներառում են տպագիր, ռադիոհեռուստատեսային և ցանցային ժուռնալիստիկայի բոլոր հիմնարար ոլորտներն ու ուղղությունները (հայ մամուլի պատմության տարբեր շրջաններ, ժուռնալիստիկայի ներածություն, լրագրային ժանրեր, ԶԼՄ և օրենսդրություն, լրագրողական էթիկա, համացանցային լրագրության զարգացման առանձնահատկությունները և այլն): Մշտապես ուշադրության կենտրոնում են տեղական և արտասահմանյան արդի մամուլի զարգացման միտումները, լրագրություն-մենեջմենթ փոխառնչությունների ուշագրավ դրսևորումները:

Ամբիոնը հրատարակել է տասնյակ մասնագիտական գրքեր և մեթոդական հոդվածներ, թարգմանել մասնագիտական գրքեր: Ամբիոնի դասախոսները ակտիվորեն մասնակցում են ֆակուլտետային, համահամալսարանական, միջբուհական և միջազգային գիտաժողովների, մասնագիտական սեմինարներին և աշխատաժողովների։ Նրանց զեկուցումները և հոդվածները պարբերաբար տպագրվում են հանրապետական և միջազգային ճանաչում ունեցող հանդեսներում և ժողովածուներում:

Վերջին տարիներին ամբիոնում նկատելի աշխատանք է տարվում` դիտարկելու մարզական լրագրագիտություն և մյուս մարզական մասնագիտությունների գիտական ձեռքբերումները։

2020 թվականին շախմատ մարզաձևը դուրս է եկել լրագրության ամբիոնից։ Ամբիոնը վերանվանվել է Սպորտային լրագրության ամբիոն։

Այսօր ամբիոնն ունի մասնագիտացված լսարան՝ ապահովված արդիական տեխնիկայով և սարքավորումներով, ամբիոնին անհրաժեշտ օժանդակ նյութերով և գրականությամբ:

Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնը ստեղծվել է 2020թ. կիրառական մարզաձևերի ամբիոնի լուծարման արդյունքում։ Դահուկասպորտ, հեծանվասպորտ և լող մարզաձևերը տեղափոխվեց ցիկլիկ մարզաձևերի ամբիոն։ 

Կիրառական մարզաձևերի ամբիոնը ստեղծվել է 1945-ին և անվանվել է Դահուկային սպորտի և ալպինիզմի, այնուհետև` Դահուկային սպորտի և տուրիզմի, իսկ 1995-ին` Կիրառական մարզաձևերի ամբիոն:

Տարիների ընթացքում ամբիոնը ղեկավարել են դոցենտ Մուշեղ Մամիկոնյանը, ապա` Հակոբ Կերսելյանը, այնուհետև` ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Մարտին Վեքիլյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Միրզոյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Մելոյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, պրոֆեսոր Աղվան Չատինյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող պրոֆեսոր Գառնիկ Հակոբյանը:

Լողի ամբիոնը կազմավորվել է 1945 թվականին: Ամբիոնի առաջին վարիչն էր Մոսկվա քաղաքից հրավիրված Վլադիմիր Սավելևվը:

Տարբեր տարիներ ամբիոնը ղեկավարել են` Հայաստանի վաստակավոր մարզիչ Անատոլի Սոկրյուկովը, ՖԿ և սպորտի վաստակավոր գործիչ Ալբերտ Կոստանյանը, ՄԳԹ, պրոֆեսոր, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Իգոր Սաֆարյանը:

2016թ. Կիրառական մարզաձևերի և լողի ամբիոնները միավորվեցին: 

2020թ. այն վերանվանվեց Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոն, որը ներկայումս ղեկավարում է՝ մգթ, դոցենտ Ս․Հ․ Դանիելյանը։

Ամբիոնը հիմնադրվել է 1951 թվականին` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` Ալեքսանդր Արծրունու Լալայանի ղեկավարությամբ և կոչվել է մանկավարժության և հոգեբանության ամբիոն:

Ա.Ա.Լալայանը համարվում է Հայաստանում սպորտային հոգեբանության հիմնադիրը: Նրա ջանքերով ստեղծվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիան: Իր անբասիր և բեղմնավոր վաստակի համար 1966 թվականին արժանացել է Խորհրդային Միության գիտության վաստակավոր գործչի կոչմանը: 1976-ին ընտրվել է սպորտային հոգեբանության Եվրոպական և միջազգային ֆեդերացիայի անդամ, պարգևատրվել է ֆեդերացիայի մեդալով: Հեղինակ է 200 և ավելի գիտական հոդվածների, 15 ուսումնական և մեթոդական ձեռնարկների: Ամբիոնը ղեկավարել է մինչև 1983 թ.:

1985-1990 թվականներին ամբիոնի վարիչի պաշտոնը ստանձնել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Բաբկենի Արարատյանը, այնուհետև 1990-2003թթ. հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյանը:

2003 թվականից ամբիոնը ղեկավարում է հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հ.Ա. Բաբայանը:

Ամբիոնում տարիների ընթացքում աշխատել են` մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ց. Սիմոնյանը, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Չաթալբաշյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Մկրտումյանը, ասիստենտ Է. Չաթրջյանը, դասախոսներ Վ.Քարամյանը, Ք.Մարգարյանը, Լ.Օստրովսկայան, Ս.Ջամալյանը, ինչպես նաև Կ.Չարյանը, Լ.Անդրիասյանը, Ի.Հարությունյանը:

2015 թվականի հոկտեմբերից ամբիոնն անվանակոչվել է պրոֆեսոր Ա.Լալայանի անվան Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոն: